Շրջանառության մեջ ենք դնելու մի օրենսդրական նախաձեռնություն, որի համաձայն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Նա ասաց, որ այդ օրենսդրությանն առաջին հերթին ենթարկվելու է երկրի վարչապետը։
Սաղաթելյանի խոսքով՝ ընդհանուր խառնիճաղանջը կուլ է տալիս իրենց նախաձեռնությունները և ստեղծվում է տպավորություն, թե իրենք եկել են միայն կռիվ անելու։ Սակայն այս ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ են առաջ բերել, որոնք քաղաքական մեծամասնությունը մերժել է։ Armenia Today-ի հարցին, թե կոշտություն լինելո՞ւ է, Սաղաթելյանն ասաց, որ այն միշտ կլինի, քանի որ իրենք արմատական ընդդիմություն են։
Ինչ վերաբերում է դիմադրությանը, պատգամավորն այն թիվ մեկ խնդիր որակեց։ Ասաց, որ միայն խորհրդարանի շենքում հնարավոր չէ հասնել ոչնչի, եթե համահայկական դիմադրություն չձևավորեն։ Ընդունում է՝ աշխատանքները դանդաղում են, պայքարին նոր թափ տալու խնդիր ունեն, ինչն ընթացքի մեջ է։