Ոչ ոք չի կարող բացառել նոր պատերազմի հավանականությունը, սակայն նման հավանականությունն այսօր շատ փոքր է։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի վրա լայնածավալ հարձակումը կնշանակի հարձակում ՀԱՊԿ-ի վրա և չի կարող աննկատ մնալ։ «Մենք տեսանք Ղազախստանի վերջին իրադարձությունները և ՀԱՊԿ-ի արձագանքն այդ իրադարձություններին։ Սա նշանակում է, որ Հայաստանի վրա հարձակումը կնշանակի հարձակում ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի վրա, հատկապես, եթե Թուրքիան միանա այս ագրեսիային։
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա այստեղ խաղաղությունն ու կայունությունը պահպանվում են նաև ռուս խաղաղապահների կողմից։ Այսինքն՝ հարձակում Արցախի վրա ինքնաբերաբար կնշանակի հարձակում Ռուսաստանի վրա։ Այս համատեքստում դա կլինի հերթական պատերազմը։ Այլևս պատերազմ չի լինելու Ադրբեջանի և Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը սա չի հասկանում։ Ուստի լայնածավալ պատերազմի հավանականությունը ներկայումս շատ փոքր է:
Եթե ահաբեկիչները, պանթուրքիստները և այլ արմատական տարրերը հասնեն իրենց նպատակներին Ղազախստանում, ապա չորրորդ պատերազմի հավանականությունը գրեթե 100 տոկոս կլինի: Այսօր պատերազմի հավանականությունը չափազանց փոքր է»,- ասել է Արցախի արտգործնախարարը։