Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից իրականացվել է Հայոց ցեղասպանություն, Հայաստանը դատապարտում է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը։ Միայն ցեղասպանության ընդունումից ու հատուցումից հետո է հնարավոր հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցումը։
Այս նախադասությունները կրկնելու նպատակով «Պատիվ ունեմ» դաշինքի ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը խնդրեց ամբիոնին մոտենալ ՀՀ վարչապետին՝ նախապես նշելով, որ եթե չմոտենա, դա կդիտարկվի այս մտքերից խուսափելու փորձ։
Հարցին պատասխանեց ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։ Նա ընդդիմադիր պատգամավորներին խորհուրդ տվեց վերընթերցել Կառավարության հնգամյա ծրագիրը, որտեղ հստակ ձևակերպված է ցեղասպանության ճանաչման մասին դիրքորոշումը։
«ՀՀ բոլոր ժամանակների որևէ իշխանություն և հուսով եմ՝ նաև ապագայում, չի համարձակվի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելը»,- ասաց Միրզոյանը։
Սակայն Աննա Մկրտչյանն արձագանքեց՝ ասելով, որ վարչապետի աթոռը զբաղեցրած մարդը վատագույն ընտրությունը կատարեց՝ ցեղասպանության մասին հարցի պատասխանի համար «Օմեգային» ամբիոնի մոտ ուղարկելով։
«Դժվար է արձագանքել սույն բառակույտին՝ առանց քաղաքավարության սահմաններն անցնելու, ինչը ես կփորձեմ։ Շատ սահմաններ, ցավոք, բացել չեմ կարող, կարող եմ ուղղակի խորհուրդ տալ բարևել Նարիմանովին»,- ասաց Միրզոյանը։