Հեղափոխությունից հետո մեզ համար կարորագույն ուղղություն է եղել ժողովրդավարական իրավակարգի ձևավորումը, և այդ ճանապարհին կատարած կարևորագույն քայլը Պարեկային ոստիկանության հիմնադրումն էր։ Այս մասին կառավարության հունվարի 20-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պրոցեսը դժվար ընթացավ կորոնավիրուսի և պատերազմի պատճառով։
«Մենք շատ բարդ պայմաններում 2021 թվականի հուլիսին մեկնարկ տվեցինք այդ գործընթացին։ Արդեն 6 ամիս Հայաստանում գործում է Պարեկային ոստիկանություն։ Մենք աշխատանքային վերջին հանդիպման ժամանակ ամփոփել ենք տվյալները, և կարծում եմ, որ դրանք արժանի են հրապարակման»,- ասաց վարչապետը։
Օրինակ՝ մեքենան ոչ սթափ վարելու համար նախորդ համեմատելի ժամանակաշրջանում 665 արձանագրում է կատարվել, իսկ պարեկային ոստիկանությունը կատարել է 1917 արձանագրություն, աճը՝ 3,5 անգամ։ Հաշվառման համարանիշների հետ կապված արձանագրում․ նախկինում 953 արձանագրություն, այժմ՝ 3435, աճը՝ 3,5 անգամ։ Գերձայնային ազդանշաններով երթևեկություն․ նախկինում 2 արձանագրում, այժմ՝ 15, աճը՝ 7 անգամ։ Առանց վարորդական վկայականի երթևեկելու համար կազմված արձանագրություն․ նախկինում 924, իսկ այժմ՝ 4674 դեպք, աճը՝ 5 անգամ։ Երկրորդ շարքում կայանելու համար տուգանվել է 1839 վարորդ, այժմ՝ 8716, աճը՝ 4 անգամ։
Ներկայացնելով համեմատական թվեր՝ վարչապետը հետաքրքիր դրվագ պատմեց ոստիկանության պետի ընտանիքի անդամի մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ եղել է դեպք, երբ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան խախտման համար տարվել է մեքենաների հատուկ պահպանվող տարածք, ապա վերադարձվել է համապատասխան տուգանքը վճարելուց հետո։ Վարչապետը նշեց նաև, որ այնպիսի պետական պաշտոնյաներ են այս ընթացքում տուգանվել, որ երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում երբևէ չեն ենթարկվել տուգանքի։
Փաշինյանն ընդգծեց, որ սա ոչ թե մարդկանց հնարավորինս շատ տուգանելու համար դրական արձանագրում է, այլ օրենքի հանդեպ հարգանքի և օրինապահության դրսևորման միտում։