Կառավարությունը հունվարի 20-ի նիստում քննարկեց արտերկրում դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց ծախսերի փոխհատուցման չափերը:
Բանն այն է, որ 2014 թվականից ի վեր արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման չափերը չեն վերանայվել և ներկայում դրանք գործնականում չեն համապատասխանում տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին։ Դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ քաղաքական, ֆինանսական, սոցիալ-տնտեսական, ապրանքների և ծառայությունների շարունակական գնաճի և այլն։ Այս մասին նիստի ժամանակ նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ 2018-2019 թթ․ դրությամբ դիվանագիտական ծառայության օղակներ ենք ունեցել, որոնք ֆինանսավորվել են ինչ-որ անհատ անձանց գրպանից, այսինքն՝ դեսպանատունը ֆինանսավորվում է անհատի գրպանից։
«Մենք այսօր շատ ծանր որոշում ենք կայացրել և որոշել ենք, որ պետք է մեր երկրի ինստիտուցիոնալ բացերը լուծենք և առաջին հերթին զբաղվենք դրանով»,- ասաց Փաշինյանը և հավելեց․ «Շատ հաճախ քննադատում ենք մեր դիվանագիտական ծառայությանը, բայց հարց տվե՞լ ենք, թե իրենք ի՞նչ միջավայրում են աշխատում։ Թեկուզ մեր քաղաքական կապիտալը զրոյացնելու հաշվին պետք է ՀՀ-ում պետական ինստիտուտների և պետական համակարգի կայացման ճանապարհով գնանք»,- նշեց վարչապետը։