Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աջակցում է այս ձևաչափի աշխատանքի շարունակությանը` իր մանդատի համաձայն և հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականից հետո։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` Ռուսաստանի այս դիրքորոշումը լիովին կիսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի նրա գործընկերները։
«Դա արտացոլվել է Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների անցյալ տարվա դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ։
Հիշեցնեմ, որ այս փաստաթուղթը կոչ էր անում Բաքվին և Երևանին մոտ ապագայում տարածաշրջանում ընդունել համանախագահներին, ինչը նրանց թույլ կտա ուղղակիորեն տեղում գնահատել իրավիճակը, տեղում հասնել շոշափելի առաջընթացի հումանիտար օգնության իրականացման գործում»,- ընդգծեց Զախարովան։
Նյու Յորքում և Փարիզում անցած տարվա սեպտեմբերին և նոյեմբերին տեղի ունեցած շփումների արդյունքների համաձայն` համանախագահները երկու նախարարներին են հանձնել հավասարակշռված և իրատեսական առաջարկներ հետագա փոխգործակցության վերաբերյալ:
«Մենք ակնկալում ենք կողմերի պաշտոնական արձագանքը, այդ թվում՝ եռյակի տարածաշրջանային այցերը վերսկսելու հնարավորության հարցի շուրջ»,- ասել է Զախարովան։