Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը։ Նախագահի աշպատակազմի մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցը։ Ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է տարածաշրջանային հարցերին։
«Կցանկանայի այս հարցին անդրադառնալ կայունության շաբաթվան նվիրված համաժողովի համատեքստում: Կայունությունը կարևոր է, սակայն դա միայն տնտեսությանը, տնտեսական աճին կամ մեր երեխաների ապագային չի վերաբերում: Կայունությունը կարևոր է նաև քաղաքականության մեջ: Ներկայացնեմ երկու կետով: Եթե պրագմատիկ ես և ցանկանում ես, որ կայունություն լինի, ապա դժվարին իրավիճակում չես գտնի ավելի լավ ճանապարհ, քան՝ բանակցելն ու խոսելն է: Հայաստանն ու Ադրբեջանն ունեին բանակցելու հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն էր: Ցավոք, այդ բանակցությունները չհաջողեցին, և ունեցանք պատերազմ, որն ամենավատ տարբերակն էր: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմը հաղթել էր և 26 տարի ուներ այդ հաղթանակը կայուն խաղաղության փոխակերպելու համար: Սակայն այդ հարցում հաջողություն չունեցավ, և, որպես այդ ամենի արդյունք, պատերազմ ունեցանք, հազարավոր երիտասարդ կյանքեր կորսվեցին»-ասել է նա։
Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել․ «Սակայն դա հեշտ չէ: Կրկին պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են, որ դու պետք է հարևաններիդ հետ խնդիրներ չունենաս, հատկապես մի հարևանի, որը մեծ երկիր է, որը յուրահատուկ վարքագիծ է դրսևորում Սիրիայում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում և շատ այլ վայրերում: Կրկին կարծում եմ, որ այս դեպքում ևս չկա ուրիշ ճանապարհ՝ բացի խոսելուց: Հայաստանն ու Թուրքիան մեկ անգամ փորձել են բանակցել 2009 թվականի հոկտեմբերին, և նույնիսկ արձանագրություն էր ստորագրվել Ցյուրիխում: Այդ ժամանակ նույնպես ես թերահավատ էի մի քանի պատճառով: Դրանցից մեկն այն էր, որ այդ բանակցություններում թուրքական կողմում բացակա կար՝ Ադրբեջանը: Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ ուներ և Թուրքիայի հետ համաձայնության չէր հասնի առանց Ադրբեջանի: Հայկական կողմում ևս բացակա կար՝ Սփյուռքը: Հայկական սփյուռքը մեծապես ձևավորվել է ցեղասպանության հետևանքով: Ինչպե՞ս էր կարողանալու Հայաստանի որևէ նախագահ կամ վարչապետ համաձայնագիր ստորագրել՝ առանց սփյուռքի աջակցությունն ունենալու: Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհասփյուռ ազգ է: ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում նույնքան հայ են ապրում, որքան Հայաստանում»։
Նրա խոսքով՝ դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են «Սակայն դրանք պարզ բանակցություններ չեն երկու երկրների միջև: Այս դեպքում դու չես կարող հաշվի չառնել այն պատմությունը, որի միջով անցել ես: Լավ օրինակ կարող է լինել, թերևս հետևյալը. մոտ երկու տարի առաջ Իսրայելում մասնակցում էի մեծ համաժողովի, որը նվիրված էր Հոլոքոսթի հիշատակին: Մասնակցում էին տարբեր երկրների ղեկավարներ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի նախագահները, ԱՄՆ փոխնախագահը և այլք: Ելույթներ հնչեցին, ծաղիկներ դրվեցին, սակայն ես սպասում էի Գերմանիայի նախագահի ելույթին: Անկեղծորեն կասեմ՝ նա հիանալի ելույթ ունեցավ, և անձամբ ինձ համար դա այդ համաժողովում ամենակարևոր պահն էր, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եթե Գերմանիան և Իսրայելը փորձեին ինչ-որ բանակցություններ վարել առանց Հոլոքոսթի մասին խոսելու, կհաջողեի՞ն արդյոք: Ո՛չ: Հայ-թուրքական հարաբերությունները նույն համատեքստում են: Կարծում եմ՝ հաջողելու համար դու չպետք է աչք փակես կամ անտեսես ակնհայտը: Դրանք հեշտ բանակցություններ չեն: Հույս ունեմ, որ մի օր հայերն ու թուրքերը հաջողություններ կունենան այս հարցում, սակայն դա անելու համար չենք կարող անտեսել պատմական իրողությունները: Հաջողելու համար մենք պետք է պրագմատիկ լինենք, որպեսզի կարողանանք Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև տարածաշրջանում կայուն ու հաստատուն հարաբերություններ կառուցել»։