Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը քննարկվել են հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի նպատակները և ակնկալիքները: Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները։
Նա նշել է, որ հաջորդ հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները կաշխատեն առաջիկա քայլերի ուղղությամբ։ «Նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է։ Հայերը բավարարված են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարից»,-ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որտեղ քննարկվել է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը։ Հայկական կողմը բանակցություններում ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների հանդիպումից հետո հանդես են եկել նույնաբովանդակ հայտարարություններով՝ նշելով, որ հանդիպումն անցել է «դրական և կառուցողական» մթնոլորտում, և որ «կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները՝ առանց նախապայմանների»: