ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Էնչայի հետ տեսակոնֆերանսի ընթացքում այլ հարցերի շարքում քննարկել է նաև իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը իրավիճակը համեմատաբար կայուն է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ՝ նշելով, որ իրավիճակի հետագա կարգավորումը գործնական աշխատանք է պահանջում պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ։
Կողմերը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի զարգացումը, կողմ են արտահայտվել ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի համապատասխան կառույցների միջև միջազգային խաղաղության պահպանման, այդ թվում՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում ակտիվ համագործակցության շարունակմանը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններին։ Նրա խոսքով, կազմակերպությունը հուսով է, որ կողմերը կլսեն միմյանց և լուծումներ կգտնեն գլոբալ անվտանգության ոլորտում առկա խնդիրներին, ինչը կհանգեցնի տարածաշրջանում լարվածության նվազմանը, այդ թվում՝ պատասխանատվության ոլորտում: