Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին հայտնել է ԱԳՆ-ն։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիային ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն արդյունավետ կլինի, և կնպաստի Հարավային Կովկասում կայնության և անվտանգության հաստատմանը: Կարևորվել է նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա զարգացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկման վերաբերյալ:
Այս առումով, նախարար Միրզոյանը կարևորել է Սոչիի եռակողմ հայատարարությամբ ամրագրված և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Ընդգծվել է նաև հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման, ինչպես նաև՝ Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը: