Խելացի քաղաքական գործիչը որոշումներ կայացնելիս հաշվի է առնում ուրիշների սխալները, բայց հայկական կողմի սխալներն անընդհատ կրկնվում են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար, պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ վերջին հինգ ամիսների ընթացքում ընդդիմությունը բազմիցս փորձել է խորհրդարանի օրակարգ մտցնել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը, սակայն իշխող մեծամասնությունն անընդհատ մերժում է այն։
«Ի՞նչ «հայելային» զորքերի դուրսբերման մասին է խոսքը»,- տարակուսեց Օհանյանը՝ հավելելով, որ լիովին պարզ չէ՝ «հայելային» դուրսբերումը նշանակում է միայն այն հատվածները, որտեղ մտել է Ադրբեջա՞նը, թե՞ ողջ սահմանային գոտին։ Եթե խոսքը ներխուժման գոտիների մասին է, ապա Բաքուն պետք է միակողմանիորեն դուրս բերի զորքերն այնտեղից։
«Հայաստանը կա՛մ պետք է ստիպի Ադրբեջանին հեռանալ օկուպացված տարածքներից, կա՛մ ռազմական օգնություն խնդրի ՀԱՊԿ-ից»,- ասաց Սեյրան Օհանյանը։