«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի միջեւ հետընտրական լարվածության պատճառով գործարարը կորցրել է բիզնեսը՝ զրկվել է Աբովյան-Երեւան տրանսպորտային գծի սպասարկումից, որը «Քինգ դե լյուքս» ընկերությունն իրականացնում էր 261 համարի ավտոբուսներով։
Ռոմանոսն էլ որոշել է նրան պատժել․ իր ընկերոջ՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի միջոցով թիվ 261 երթուղային գծի համար մրցույթ են հայտարարել ու Պալաչին չեն տեղեկացրել։ Մրցույթը շահել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը։
Ուշագրավ է, որ գիծը դեռեւս չի գործի, քանի որ շահող ընկերությունը նոր պետք է ավտոբուսներ ձեռք բերի։ Մինչդեռ Ռոմանոս Պետրոսյանը 2020-ին Պալաչին համոզել էր, որ ներդրում անի՝ գիծը կտան իրեն, եւ նա 650 հազար եվրոյի ավտոբուսներ էր ձեռք բերել։ ՏԿԵ նախարարությունից ասել են, որ կարող են գիծը սպասարկել, մինչեւ մրցույթում շահած ընկերությունն ավտոբուսներ գնի, սակայն նա չի համաձայնել, եւ հունվարի 17-ից 261 համարն այլեւս չի աշխատում։ Պալաչը հեռացել է Հայաստանից»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեղափոխական» Նիկոլ Փաշինյանը շարունակաբար խոսում էր այն մասին, որ այնպիսի խոշոր բիզնես ընկերությունը, ինչպիսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, իրավունք չունի լինել քաղաքականացված կառույց՝ վստահեցնելով, որ դա վնասում է ինչպես հանրային, այնպես էլ բիզնես շահերին: Կոմբինատին «տիրանալու» առեղծվածային գործողություններից հետո, կարծես, «իրավիճակ է փոխվել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, աշխատանքային թափուր կամ միտումնավոր թափուր դարձած հաստիքներն այստեղ դարձել են քաղաքական առևտրի առարկա. մարդիկ աշխատանքի են ընդունվում միայն ՔՊ կուսակցությանն անդամակցելու կամ կուսակցության քարոզն անելու պայմանով և, բնականաբար, աշխատանքից ազատվում են՝ այդ «պայմանները» բավարարելուց հրաժարվելու դեպքում: Ըստ Սյունիքի մեր աղբյուրների, այս ամբողջ «բոլոլայի» միջնորդն էլ դարձել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ականները պատրաստվում են 34-րդ Ընդհանուր ժողովին, որի ընթացքում, սակայն, ոչ թե Գերագույն մարմին են ընտրելու, այլ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմ եւ առաջիկայի համար ծրագիր ու մարտավարություն են ընդունելու։ ՀՅԴ այս ժողովները տեղի են ունենում չորս տարին մեկ անգամ․ աշխարհասփյուռ Դաշնակցության ղեկավար մարմինը՝ Բյուրոն, չորս տարի ժամկետով է ընտրվում, ի տարբերություն հայաստանյան ղեկավար մարմնի՝ ԳՄ-ի, որն ընտրվում է երկու տարին մեկ։ Անցած տարվա հուլիսի 2-4-ը Երեւանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովը, որի ընթացքում էլ Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի պաշտոնում։
Մինչեւ 2023 թվականը Իշխան Սաղաթելյանին փոխել չեն կարող, եւ օրերս տարբեր լրատվամիջոցներում Սաղաթելյանի դեմ հրապարակված հոդվածները ոչ թե կոնկրետ նպատակով են արվում, որ նրա վերընտրությանը խանգարեն, այլ ներկուսակցական պայքարի արդյունք են։
Մեզ տեղեկություններ հասան, որ նախորդ ժողովում պաշտոնից հրաժարված եւ պասիվացած Հրանտ Մարգարյանը, ով երկար տարիներ զբաղեցրել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնը, վերադառնալու հավակնություններ ունի։ Այս հավակնություններով են նաեւ բացատրում ՀՅԴ-ի ներսում ինտրիգների զարթոնքը․ ինքը՝ Հրանտ Մարգարյանը, ինտրիգների մեծ մասնագետ է, եւ չեն բացառում, որ Իշխան Սաղաթելյանի դեմ արշավն էլ հենց նա է ուղղորդում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, այս տարվա ապրիլից բարձրանա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ սեղմված բնական գազի մեկ լիտրը, հնարավոր է, ավելի քան 20-30 դրամով թանկանա:
Չի բացառվում, որ սրա հետեւանքով կթանկանա նաեւ ուղեւորափոխադրման սակագները: Այսօր գազալցակայաններում բնական սեղմված գազի մեկ լիտրը Երեւանում վաճառվում է 310-320 դրամով, իսկ մարզերում՝ 280 դրամով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրենավանում գտնվող հայ-ռուսական բիտումի գործարանից տեղեկություն ստացանք, որ ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը գործարանը գնելու բանակցություններ է վարում՝ վրացի միջնորդների օգնությամբ։ Գործարանն արդեն մոտ մեկուկես տարի գրեթե լուծարված է՝ ընդամենը մի քանի աշխատող են պահել, գործարանի հեռախոսահամարները չեն պատասխանում, ուստի պաշտոնական ինֆորմացիա չկարողացանք ստանալ։
Հիշեցնենք, որ ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը տարիներ շարունակ Վրաստանի ամենամեծ հարկատուն է։ Ճանապարհաշինությամբ հպարտացող հեղափոխական իշխանությունն օգտվում էր ոչ թե հայ-ռուսական այս ընկերության արտադրանքից, այլ Իրանից էր ներկրում, ինչն էլ պատճառ դարձավ, որ գործարանը փակվի։ Հիմա ռուսական ընկերությունը, փաստորեն, տեղը կզիջի ադրբեջանականին, եւ սրանք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման առաջին ծաղիկներն են»: