Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հետ կապված հարցեր:
Ինչպես հաղորդվում է մամուլի հաղորդագրության մեջ, կողմերը նաև նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը:
Քննարկվել են նաև ՀԱՊԿ շրջանակներում հետագա փոխգործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի ընթացիկ նախագահությունը:
Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը հակիրճ տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների հետ կապված ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ բանակցությունների ընթացքի մասին, ասված է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: