Դատարանը մերժել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանների միջնորդությունը՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Քրիստիննե Պողոսյանը և Վիլեն Գաբրիելյանը, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը։
Armenia Today-ը ԱԺ ՔՊ պատգամավոր Քրիստիննե Պողոսյանից հետաքրքրվեց՝ թե ինչ կարծիք ունի դատարանի որոշման վերաբերյալ։
Նա նշեց, որ անձնական երաշխավորությամբ է հանդես եկել, որպեսզի Դավիթ Տոնոյանն ազատ արձակվի։
Միննույն ժամանակ ասաց․ «Կալանքի միջոցը փոխելը դեռ չի նշանակում ոչ մի բան։ Ես միջնորդել եմ, որ կալանքը փոխվի, ուրիշ ոչինչ»,- նշեց նա և այլ հարցերի չպատասխանեց։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված, իսկ գործով անցնող ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։