Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն ավարտել է իր դիվանագիտական գործունեությունը Մոսկվայում:
Դեսպանությանը հղած իր ուղերձում Վարդան Տողանյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր գրեթե հինգ տարի շարունակ ներկայացնել Հայաստանը դաշնակից Ռուսաստանում:
«Խոստովանում եմ, որ կրկնակի պատասխանատու է մեր երկիրը պաշտոնապես ներկայացնել Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի պատմական շենքի՝ լուսավորչական և մշակութային օջախի պատերին, որն ավելի քան 200 տարի հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն է։ Այս ընթացքում մենք ձեզ հետ միասին անցել ենք բազմաթիվ փորձությունների, մեր ժամանակակից պատմության ամենադժվար փուլերի միջով։ Չնայած դժվարություններին՝ դեսպանության աշխատակիցների և պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ միասին մենք մեր գործունեության մեջ շարունակել ենք հավատարիմ մնալ անկեղծության և կառուցողական համագործակցության սկզբունքներին՝ նպատակ ունենալով նպաստել մեր փոխհարաբերությունների բազմակողմանի ներուժի զարգացմանը և մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը: Ավարտելով իմ գործունեությունը՝ ցանկանում եմ երախտիքի անկեղծ խոսք հայտնել Ռուսաստանի բոլոր պետական մարմինների ներկայացուցիչներին՝ ամենօրյա քրտնաջան աշխատանքի, փոխադարձ հարգանքի և բաց երկխոսության համար, ՌԴ-ում օտարերկրյա պետությունները ներկայացնող իմ գործընկերներին, մեր բազմաթիվ գործընկերներին, տարբեր կազմակերպություններին, լուսավորչական, կրթական և մշակութային հաստատություններին և զանգվածային լրատվության միջոցներին՝ համատեղ աշխատանքի և մեր նախաձեռնություններին աջակցելու համար:
Ես անկեղծորեն շնորհակալ եմ Ռուսաստանի հայ համայնքին, մասնավորապես՝ Ռուսաստանի հայերի միությանը, առանձին համայնքային կառույցներին, տարածաշրջանային միավորումներին, նախաձեռնող խմբերին, ակտիվիստներին և բարերարներին, ովքեր ողջ ընթացքում շարունակել են սերտորեն համագործակցել մեզ հետ և ջանքեր գործադրել մեր առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Առանձին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմին՝ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ: Ես վստահ եմ, որ մեր հոգևոր ժառանգությունը մեր ինքնության պահպանման և հայոց պետության բարգավաճման գլխավոր երաշխավորն է:
Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում իմ վերջին օրը ես որոշեցի ուխտագնացություն կատարել դեպի Ռուսաստանի վանքերից մեկը, որտեղ պահվում են հազվագյուտ նյութեր և վկայություններ՝ կապված հայ ժողովրդի պատմության, նրա հոգևոր հարստության և ժառանգության հետ», – ասվում է Տողանյանի ուղերձում:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Վարդան Տողանյանը հետ է կանչվել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից: Վարչապետի միջնորդության հիման վրա այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: