Ուկրաինական հնարավոր էսկալացիայի ազդեցությունը Հայաստանի վրա պայմանավորված է դրա մասշտաբներով ու ծավալով։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։
Նրա խոսքով՝ այն Հայաստանի անվտանգության վրա միանշանակ կանդրադառնա, եթե կոնֆլիկտին Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված լինի։ Հարությունովը դա բացատրում է նրանով, որ ՌԴ-ն ներկայումս հիմնական, եթե ոչ միակ գործոնն է, որն ապահովում է Հայաստանի անվտանգությունը։
Հարույթունովի կարծիքով՝ դա Հայաստանի վրա կարող է ազդել երկու հիմնական ուղղությամբ․
«Նախ՝ չի կարելի բացառել, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են օգտվել այդ իրավիճակից, բարելավել իրենց դիրքերը կամ ավելի լայնածավալ գործողությունների դիմել։ Երկրորդ հնարավոր տարբերակը պատժամիջոցներն են, որոնք կարող է կիրառել Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ, ինչը վատ կանդրադառնա Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա»,- ասաց փորձագետը։
Ինչպես նշեց Հարությունովը՝ ցանկացած կոնֆլիկտ, որում Ռուսաստանը կարող է ներգրավված լինել (Ուկրաինա, Սիրիա), Հայաստանի անվտանգության վրա ինչ-որ կերպ կազդի։ Նրա խոսքով՝ այս հետևանքները մեղմելու համար Հայաստանը պետք է սցենարներ մշակի գործողությունների պոտենցիալ զարգացումների դեպքում կիրառելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնը 8,5 հազար զինվորականների բարձր պատրաստվածության վիճակի է բերել հարկ եղած դեպքում նրանց Եվրոպա տեղափոխելու համար: Սակայն զորքերի տեղակայման վերաբերյալ ոչ մի որոշում չի ընդունվել: ՆԱՏՕ-ն ավելի վաղ հայտնել էր Արևելյան Եվրոպայում շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ իր ուժերի պատրաստվածության բարձրացման մասին։ Ամերիկյան կողմը պարզաբանում է, որ ՌԴ զորքերը տեղաշարժվում են Ուկրաինայի հետ սահմանի ուղղությամբ։ Պաշտոնական Ուկրաինան տեղեկությունը չի հաստատել։
Արաքսյա Սնխչյան