«Իրավունք» լրատվականի «Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանն առանձնատներ են կառուցում. նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին» վերնագրով հրապարակումն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնել է ԱԺ-ն՝ պահանջելով հերքում հրապարակել համապատասխան հոդվածը հրապարակելու համար։
Պարզաբանվում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում: Ջրագծի վերաբերյալ չակերտավոր շշուկները նույնպես հերյուրանք են:
Շշուկներին ու, այսպես կոչված, շրջանառվող խոսակցություններին հղում անող թերթը, իր կողմից ձևակերպած «ՀՀ նախագահի պարտավորությունները ժամանակավոր ստանձնած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը» նախադասությամբ դարձյալ սխալվել է․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահի պարտականությունները ժամանակավորապես չի ստանձնել, քանի որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ ժամանակ ունի դիմումը ետ վերցնելու:
Հիշեցնենք, որ թերթում գրված էր, որ Սիմոնյանն ու Հակոբյանը Ձորաղբյուրում առանձնատներ են կառուցում, ջրագիծ են տարել, որից թույլ չեն տվել օգտվել հարևաններին՝ ասելով, որ այն անձնական է։