Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցում։ Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, չորեքշաբթի ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը՝ 2021 թվականի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում:
«Անցյալ տարի մեզ ուրախացնող պահերից էր Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ստեղծումը՝ հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով։ Այս ձևաչափն արդյունավետ է, բանակցություններն ընթանում են լավ և պրոֆեսիոնալ։ Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցում, ինչը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Ադրբեջանի նախագահը բազմիցս արտահայտվել է դրա օգտին, և մենք սատարում ենք դրան։ Այդ խթանը տվել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները Սոչիում կայացած հանդիպմանը։
Եռակողմ աշխատանքային խումբը կշարունակի իր աշխատանքը ապագայում: Այն ուղղված է համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի արագ ավարտին և Հարավային Կովկասում տրանսպորտային և լոգիստիկ նախագծերի մեկնարկին»,- ասել է Բոչարնիկովը: