Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ: Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունում։
«Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները:
Նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել՝ իր հրաժարականի տեքստում նշելով համազգային ճգնաժամի մասին։ Արմեն Սարգսյանը նաև շեշտել է, որ նախագահը չունի անհաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։