«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կառավարությանը հատկացվելու է 4 մլն դոլարին համարժեք դրամ: Այդքան գումարն անհրաժեշտ է «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում, այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում եւ պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների եւ որոշումների կատարման ապահովում» ծրագրի, «Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» միջոցառման ֆինանսավորման շրջանակներում, այսինքն՝ այս գումարն ուղղվելու է դրսում Հայաստանի շահերի պաշտպանությանը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդպիսի գործերին»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Քաղպայմանագիրը» Արթուր Ղազինյանից «ազատվելու» նախագիծ է ներկայացրել: Օրենսդրական փոփոխությամբ՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու: Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Բայց, ինչպես ասում են, Ղազինյանից պրծում չկա, մինչեւ այս պահը «Հայաստան» դաշինքը չի քննարկել նոր թեկնածուի հարցը, դաշինքի մեր աղբյուրներն ասում են, որ անկախ հանգամանքներից եւ նոր օրենքից, իրենք Ղազինյանի թեկնածությունը չեն փոխելու՝ գնդակն ուղարկելով ՔՊ-ի դաշտը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Սամվել Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել: Մեր աղբյուրները պնդում են, որ կոնֆլիկտը նույնիսկ վերածվել է ծեծկռտուքի։ Մեր ունեցած տեղեկություններով, ծեծի պատճառը եղել է այն, որ Օսիպյանը կտրուկ ճամբարափոխ է եղել. մինչև Արայիկ Հարությունյանի նախագահ դառնալը նա Բաբայանի թիմակիցն էր, իսկ Հարությունյանի նախագահ դառնալուց հետո շատ ճկուն ձևով տեղափոխվել է վերջինիս ճամբար։ Ավելին, Օսիպյանը կտրուկ փոխել է իր մոտեցումներն ու հայացքները և անգամ որոշ առիթներով քննադատաբար է արտահայտվել Բաբայանի հասցեին։ Թերթի արցախյան աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս իրավապահ մարմինները դեռևս լուրջ միջոցներ չեն ձեռնարկում՝ սպասելով Հարությունյանի վերջնական որոշմանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունը որոշել է հաճելին օգտակարի հետ համադրել՝ արտագնա ընդլայնված նիստ անցկացնել։ Եռօրյա հավաք են նախաձեռնել՝ հունվարի 28-30-ը։ ՔՊ-ական պատգամավորները մեկնում են Դիլիջան, որտեղ հյուրատներից մեկում քննարկելու են իրենց առաջիկա անելիքները, պահվածքը, ընդդիմադիրների հետ շփումների հրապարակային դրսեւորումները եւ այլն։ Մեզ ասացին, որ այդ հավաքը պետք է կայանար դեռեւս հունվարի կեսերին, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվել է։ Մասնավորապես՝ Փաշինյանն էլ պետք է մասնակցեր, սակայն ինֆորմացիոն արտահոսքի պատճառով հավաքը հետաձգվել է: Ուշագրավ է, որ երեկ Փաշինյանը հայտարարեց կորոնավիրուսով վարակվելու եւ ինքնամեկուսանալու մասին։ Սա նշանակում է, որ առաջիկա հավաքին չի՞ մասնակցի։ «Դեռ պարզ չէ»,- ասաց ՔՊ մեր աղբյուրը։ Բայց Փաշինյանը կորոնավարակով մեկուսացած է։ «Եթե ցանկանա, դիմակով կմասնակցի»,- ասաց մեր աղբյուրը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործով նոր զարգացումներ կան: Ինչպես հայտնի է, 2021 թվականի մայիսի 4-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով։ Գեներալ-գնդապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պետական գաղտնիք հրապարակելը։ Հունիսի 29-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ չնայած դատարանում նիստերը դռնփակ են անցկացվում, սակայն հետաքրքիր հանգամանք է առկա: Մասնավորապես, Զինված ուժերի գլխավոր շտաբում այժմ ստեղծված է հանձնաժողով, որոնց անդամներին հերթով հրավիրում են դատարան: Նման քայլի պատճառն այն է, որ ցանկանում են հենց այդ պաշտոնյաներից հասկանալ, թե որքանով են Հակոբյանի հայտարարությունները պետական գաղտնիք պարունակում»։