Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատելու մասին որոշում է ստորագրել։ Հաստատվել է նաև խորհրդի կազմը։ Որոշման 4-րդ կետի համաձայն՝ խորհրդի ձևավորումից հետո երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։
Ըստ որոշման՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 28-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։
Մինչև 2023 թվականի հունիսի 30-ը պետք է հաստատել հանձնաժողովի կողմից մշակված՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։
Միևնույն ժամանակ, Փաշինյանի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 181-Ա որոշումը:
Խորհրդի կազմի անդամների թվում են Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը։