Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ի սրտե շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանը և նրա բոլոր քաղաքացիներին Հայոց բանակի օրվա առթիվ։ Այս մասին ասված է Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ուղերձում։
«Անկախ Հայաստանի զինված ուժերը և նրա զինծառայողներն իրենց Հայրենիքի իսկական զավակներն են, ովքեր աչքի են ընկնում արիությամբ և քաջությամբ։
Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի մարտական փառավոր ավանդույթների հպարտ շարունակողներն են, ովքեր ուս ուսի տված կերտեցին մեր ընդհանուր Հաղթանակը։ Նրանց հավատարմությունը պարտքին և հայրենիքին անձնուրաց ծառայությունը, առանց չափազանցության, երկրի խաղաղության և բարգավաճման գլխավոր գրավականն է։
Այսօրվա բարդ, արագ փոփոխվող աշխարհում՝ լի տարբեր մարտահրավերներով, Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի բաղկացուցիչ տարրերից է։ Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում մեր պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում։
Հայաստանի զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի օրը Հանրապետության ռազմական ղեկավարությանը, հայոց բանակի բոլոր զինծառայողներին ու վետերաններին, ինչպես նաև նրանց ընտանիքներին մաղթում ենք քաջառողջություն, բարեկեցություն և խաղաղ երկինք նրանց գլխավերևում»,- ասված է ուղերձում: