Լեյբորիստական կուսակցությունից բրիտանացի պատգամավոր Ֆերիալ Քլարկը երկրի օրենսդիր մարմնում 2022 թվականի Հոլոքոստի հիշատակի օրվան նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ երկրի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ծնունդով թուրք Քլարկը (Ֆերիալը ծնվել է Թուրքիայի հարավ-արևելքում և ծագումով քուրդ է) իր խոսքում նշել է, որ բազմաթիվ պատմություններ է լսել Հայոց ցեղասպանության սարսափի մասին.
«Ես ծնվել եմ Թուրքիայի հարավ-արևելքում և մեծացել եմ այս տարածաշրջանում հայ ժողովրդի հետ ունեցած սարսափների պատմություններով: Գրեթե 100 տարի առաջ մի ամբողջ մշակույթ և մի ամբողջ ժողովուրդ համակարգված կերպով ոչնչացվեց, նրանց ինքնությունը ջնջվեց սարսափելի բռնության ակտով: Ընտանիքները բաժանվեցին, երեխաներն այլևս չտեսան իրենց ծնողներին, և սպանվեցին մոտ 1,5 միլիոն հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ: Կենսունակ, դարավոր համայնքը պարզապես հողին հավասարվեց»,- ասաց Քլարկը:
Նա նշեց, որ մեկ դար անց ամբողջ աշխարհի հայ համայնքների պայքարը հանուն արդարության և ճանաչման շարունակվում է։
«Մեծ Բրիտանիայի հայ համայնքը մշտապես կանգնած է այս պայքարի առաջնագծում։ Ես բարձր եմ գնահատում Հայ դատի հանձնախմբի աշխատանքը»,- ասել է Քլարկը:
Պատգամավորն ընդգծել է, որ չնայած Ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր քարոզչությանը և բրիտանական խորհրդարանում իր գործընկերների կողմից այս խնդրին աջակցելուն, «կառավարությունը մի քանի քայլ հետ է մնում մեր շատ եվրոպացի հարևանների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Լեհաստանի դիրքերից։
«Անցյալ ապրիլին մենք նաև ականատես եղանք նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհավանական, կարևոր փաստին, երբ առաջին անգամն էր, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես դա արեց, ուստի ինչու ենք մենք Մեծ Բրիտանիայում այդքան զիջում մյուսներին, երբ խոսքը վերաբերում է ճանաչմանը: Ժամանակն է, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի՝ Միացյալ Թագավորության հայ համայնքներին շնորհելու այն ճանաչումը, որի համար նրանք պայքարել են: Եղեռնը տեղի է ունեցել, և ժամանակն է այն ճանաչել որպես մեր իշխանություն»,- նշեց պատգամավորը
Նշենք, որ Ֆերիալը ծնվել է Թուրքիայի հարավ-արևելքում և ծագումով քուրդ է: Ինչպես նշվում է ANCA-ն՝ պատգամավորը «Հանուն Հայաստանի» համակուսակցական խորհրդարանական խմբի անդամ է և Միացյալ Թագավորության խորհրդարանում Հայաստանի սակավաթիվ բարեկամներից է։