Մամուլի տեսություն
Արմեն Սարգսյանի աշխատակազմն էլ է տարակուսած, իշխանությունը Երևանի քաղաքապետի պաշտոնը կդարձնի՞ նշանակովի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը շարունակում են քննարկել տարբեր շրջանակներում, եւ մարդիկ արձանագրում են, որ հրաժարականի հայտարարությունից հետո էլ նա չի պասիվացել։ Երկու կամ երեք հայտարարություն է տարածել իր աշխատակազմը, իսկ երեկ ՀՀ նախագահը հանդես եկավ Բանակի օրվան նվիրված ուղերձով։ Վերլուծողները կարծում են, որ Հայաստանից հեռացող մարդն իրեն այդպես չի պահում, եւ սա վկայում է այն մասին, որ Արմեն Սարգսյանն ինչ-որ պլաններ ունի ապագայի հետ կապված։
Իսկ ինչ վերաբերում է հրաժարականին, ապա դա, ըստ ամենայնի, անակնկալ է եղել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի եւ առհասարակ՝ հասարակության համար, այլեւ հենց իր աշխատակազմի։ Ավելին՝ նախագահականի մեր աղբյուրները պատմում են, որ հրաժարականին նախորդած օրերին Արմեն Սարգսյանը կապվել է աշխատակազմի հետ, հանձնարարություններ տվել՝ ինչ-որ նոր պրոյեկտի հետ կապված փաստաթղթեր պատրաստելու, նաեւ՝ եվրոպական ինչ-որ կոնֆերանսի մասնակցելու համար տոմսեր ամրագրելու, իսկ հաջորդ օրը զանգահարել եւ չեղարկել է նախօրեին տված հանձնարարականները։ Աշխատակազմում նույնպես զարմացած են եւ կատարվածի բացատրությունը չեն գտնում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայփոստ» ընկերությունը մտադիր է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները վերանայել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ սակագների վերանայման հայտը: Տեղեկացնենք, որ սակագների վերանայման հայտ ընկերությունը հանձնաժողով ներկայացրել է դեռեւս հունվարի 13-ին:
Մեզ հայտնի դարձավ, որ, օրինակ, մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակի ներկայիս սակագինը կազմում է 230 դրամ, բայց ընկերությունն առաջարկում է բարձրացնել՝ դարձնելով 520 դրամ, 101-250 գրամ նամակի գործող գինը 410 դրամ է, այն առաջարկվում է բարձրացնել՝ հասցնելով 560 դրամ: Իսկ, ահա, 501-1000 գրամ քաշով նամակի արժեքը 1260 դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է այն նվազեցնել՝ դարձնելով 1100 դրամ: Ուշագրավն այն է, որ «Հայփոստ»-ն առաջարկում է բարձրացնել պաշտոնական պարբերականների առաքման ծառայության սակագինը գյուղական վայրեր. տեղեկացնենք, որ ներկայումս այս ծառայության գործող սակագինը կազմում է 38 դրամ, բայց ընկերությունն առաջարկում է վերանայել եւ սահմանել 175 դրամ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական եւ մերձիշխանական շրջանակներում վտանգավոր իդեաներ են քննարկվում՝ կապված սահմանադրական առաջիկա գործընթացների հետ։ Եթե դրանք իրականություն դառնան, Հայաստանը վերջնականապես կբռնի բռնապետության ուղին: Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի հետ ավանդական հանդիպումների ժամանակ վերջին շրջանում հաճախ է քննարկում սահմանադրական փոփոխությունների թեման, առաջարկում է տեսակետներ հնչեցնել, որոնք կդարձնեն քննարկման թեմա:
Նրա «հաճախորդներից» մեկը, ոչ ավել-ոչ պակաս, առաջարկել է ՏԻՄ մարմինները, նախեւառաջ Երեւանի քաղաքապետի պաշտոնը, ընտրովիից դարձնել նշանակովի: Նա իր առաջարկը հիմնավորել է այսպես, թե՝ ընտրությունները Հայաստանում պառակտում են ժողովրդին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Կուսակցությունների մասին» օրենքում, որում նաեւ ամրագրվելու է, որ հայտարարագրման ենթակա պաշտոնատար անձինք, մարտի 31-ի փոխարեն, իրենց հայտարարագիրը կարող են ներկայացնել մինչև 2022 թվականի մայիսի 31-ը:
Բացի այդ, արդեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ամրագրել է, որ պետք է խոշոր գործարքներն անկանխիկ կատարվեն: Բանն այն է, որ 15-50 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 750 անձ, 50-100 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 160 անձ, 100 մլն և ավելի ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 70 անձ: Հանձնաժողովն ամրագրում է, որ այսպես դժվար է վերահսկողություն իրականացնել»։