Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Օտտավայի փողոցներ՝ պահանջելով չեղարկել ԱՄՆ սահմանը հատող բեռնատարների վարորդների համար պարտադիր պատվաստումները։ Բեռնատարների վարորդների ցույցը, «Ազատության շարասյուն» խորագրով, Կանադայի մայրաքաղաքում սկսվել է հունվարի 29-ին՝ ի պատասխան կառավարության որոշման, համաձայն որի ծանր տրանսպորտային միջոցների չպատվաստված վարորդները ԱՄՆ-ից Կանադա վերադառնալուց հետո պետք է երկու շաբաթով կարանտինի ենթարկվեն:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ բեռնատարների վարորդներն ասում են, որ կմնան մայրաքաղաքում այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները զիջումների չեն գնում:
Շուտով ցուցարարները սկսել են ընդդիմանալ Covid-19-ի հետ կապված այլ սահմանափակումներին, ինչպես նաև քննադատել են Ջասթին Թրյուդոյի կառավարությանը:
Ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննում է ցուցարարների հետ կապված մի քանի միջադեպեր այն բանից հետո, երբ ցուցարարները բարձրացել են Ազգային զինվորական հուշահամալիրի միջնապատի վրա՝ բղավելով «Ազատություն», և պարել են Անհայտ զինվորի գերեզմանի վրա:
Բեռնատարների վարորդները նաև արգելափակել են խորհրդարանի շրջակայքի փողոցների երթևեկությունը։ Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսոնն ասել է, որ որոշ ցուցարարներ ահաբեկել են սրճարանի աշխատակիցներին այն բանից հետո, երբ դիմակ կրելուց հրաժարվելու համար նրանց մերժել են սպասարկել ռեստորաններում:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընտանիքի հետ լքել է մայրաքաղաքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդն ասել է, որ միջադեպերն արժանի են ամենախիստ դատապարտման։
Բեռնատարների վարորդների մոտ 90%-ը (Կանադայում նրանք 120,000-ն են) ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ։
ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ օտարերկրյա բեռնատարների վարորդները երկիր մուտք գործելիս պետք է ցույց տան Covid-19 պատվաստման վկայական: