Թուրքիան մերժում և անթույլատրելի է համարում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունը։
Ինչպես տեղեկացնում է Anadolu-ն՝ այս մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում դեմոկրատների միջազգային միության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Էրդողանը ՌԴ-ի գործողությունները միջազգային իրավունքի նորմերին հակասող քայլ է անվանել, որը, ըստ նրա, ծանր հարված է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:
Նա ընդգծել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ուղղված պաշտպանությանը:
Հայտարարությամբ հանդես է եկել նաև Թուրքիայի ԱԳՆ-ը։
«Ռուսաստանի գործողությունները ոչ միայն Մինսկի համաձայնությունների չեղարկում են նշանակում, այլև միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում: Դրանք լուրջ սպառնալիք են տարածաշրջանի, և, ընդհանրապես աշխարհի անվտանգության համար։ Թուրքիան կոչ է անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել Ուկրաինայի նկատմամբ անհիմն և անօրինական գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Անկարան դեմ է պետական սահմանների բռնի փոփոխության ցանկացած փորձի. «Անկարան կշարունակի աջակցել Ուկրաինայի քաղաքական միասնականությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ճանաչել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը: Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու մեջ և ռազմական դրություն Է մտցրել երկրի ամբողջ տարածքում: