Իմ տարիքը միգուցե այնպիսին է, որ ես այսպիսի հուզումնալից պահեր չպետք է ապրեի, բայց ինձ համար շատ հուզումնալից է, և ես զգացված եմ, որ այսպիսի պատվի եմ արժանացել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ի կողմից ներկայացված նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը։
Նա հայտարարեց, որ երկրի իշխանությունները կոչված են ապահովելու հայրենակիցների անվտանգությունը ու երկիրը տանել զարգացման ճանապարհով։
«Նախագահի ինստիտուտը Սահմանադրությամբ հանդիսանում է պետության գլուխը, հետևում է Սահմանադրության պահպանմանը։ Իրականությունը գնահատելու համար չափազանց կարևոր է պատրանքներից ազատվելը, որն էլ հնարավորություն կտա ընդունելու, որ քաղաքական ոչ մի համակարգ իդեալական լինել չի կարող։ Ե՛վ խորհրդարանական, և՛ նախագահական քաղաքական համակարգերը բոլոր պետություններում իրենց առավելություններով հանդերձ ունեն որոշակի թերություններ և բացթողումներ»,- հայտարարեց Խաչատուրյանը։
Վերջինս նաև հավելեց․ «Մենք կարիք ունենք իմաստության, կայունության, միաբանության ու վստահության: Մենք պետք է ամեն գնով ինքնակազմակերպվենք՝ ստեղծելու մեր նոր արժանապատիվ ապագան»։
Հիշեցնենք՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում նախագահի ընտրության հարցի քննարկմանը, հայտարարել են, որ քվեարկությանը ևս չեն մասնակցի։