Նախկին 30 տարիները, և, հատկապես 20 տարիները դաս են մեզ համար, թե ինչպես չպետք է երկիրը կառավարել։ Այս մասին ԱԺ-ում ամփոփիչ ելույթում հայտարարեց ՔՊ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը։
Ըստ նախագահի թեկնածուի՝ ամենամեծ խնդիրը, որ 2018-ից հետո ունեցել են ԱԺ-ն ու կառավարությունը, այն է եղել, որ ՀՀ-ում պետական ինստիտուտներն ավերված են եղել։
«Սա մտածված է եղել, ցավոք սրտի․ պատահականորեն չէր կարող լինել։ Երբ սպասարկվում են, առաջնային են դառնում կուսակցական, խմբակային շահերը, պետությունն ու պետական շահը դառնում են երկրորդական»,- ասաց Խաչատուրյանը՝ հավելելով, թե այսօր էլ մեր պետական կառավարման ամենամեծ խոչընդոտն ինստիտուտների հարցն է՝ սկսած ինստիտուցիոնալ հիշողությունից, վերջացրած ինստիտուցիոնալ մոտեցումներով աշխատելուց։
«Եթե պետությունում չկա այդ հիշողությունը, պետական ինստիտուտները չեն աշխատում, դրանց փոխարինում են լրիվ այլ ինստիտուտներ, որոնք ունենում են ստվերային բյուջե, ստվերային քաղաքականություն, և քաղաքական, պետական որոշումներն ընդունվում են ոչ թե այս դահլիճներում, այլ խմբակային քննարկումների արդյունքում»,- ասաց Վահագն Խաչատուրյանը։