Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ նախագահի ընտրության առաջին փուլով քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր։ Նրա օգտին կողմ է քվեարկել 69 պատգամավոր, դեմ՝ 0, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։
ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտարարեց՝ եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում առաջին փուլով, ապա անցկացվում է ընտրության 2-րդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։
Նախագահի թեկնածու առաջադրել է միայն իշխող ուժը․ թեկնածուն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է։
Նշենք, որ ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, սակայն, չունի այդքան թվով պատգամավոր: ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է:
Սահմանադրությամբ նախատեսվում է ևս երկու փուլ․ երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է 65 և 54 ձայն։
Հավելենք նաև, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրել, նրանք չեն մասնակցել նաև նախագահի ընտրությանը։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել։