Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից։
Որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստում։ Նախարարների կաբինետի մեկ այլ որոշմամբ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ։
Ռոբերտ Ղուկասյանը ծնունդով Կալավան գյուղից է։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։
2002 թվականից զբաղեցրել է Կալավանի քաղաքապետարանի քարտուղարի պաշտոնը, 2013-2019 թթ. եղել է Time land հիմնադրամի հիմնադիր տնօրենը։ 2017-2018 թվականներին զբաղեցրել է Ճամբարակ համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնը։ 2019 թվականի օգոստոսի 22-ից նշանակվել է վարչապետի խորհրդական։ Անկուսակցական է։
Նշենք, որ վարչապետի որոշմամբ Ռոբերտ Ղուկասյանը 2021 թվականի հունվարի 21-ից դեկտեմբերի 1-ը գործուղվել է Սյունիքի մարզ։ 2022 թվականի փետրվարի 16-ին վարչապետի որոշմամբ կրկին 2 ամսով գործուղվել է Սյունիք։
Մելիքսեթ Պողոսյանը ՀՀ Սյունիքի մարզպետ է նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 8-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Սյունիքի փոխմարզպետի պաշտոնը։ Մարզպետ նշանակվելուց անմիջապես հետո հայկական մամուլում լուրեր տարածվեցին, որ Մելիքսեթ Պողոսյանը կեղծ դիպլոմ ունի։ Մասնավորապես, հաղորդվում էր, որ նա Սյունիքի ինստիտուտ է ընդունվել 1992-ին, ավարտել 1996-ին, սակայն այս ուսումնական հաստատությունը լիցենզիա է ստացել Պողոսյանի ավարտելուց միայն մեկ տարի անց։