Երեկ մենք ականատես եղանք մի խայտառակ, լկտի պահվածքի, որն ուղղակի անթույլատրելի է։ Նման մտքեր արտահայտելը, նման բառապաշար օգտագործելն ամոթալի է։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին։
Նա նշեց, որ առհասարակ որոշում է կայացրել չմասնակցել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ հաշվի առնելով, նրա բնութագրմամբ, Փաշինյանի անհավասարակշիռ լինելու հանգամանքը։
Հարցին՝ իսկ խմբակցությունը շարունակելու է մասնակցել, հարցեր տալ Փաշինյանին․ «Խմբակցության պատգամավորները ունեն հարցուպատասխանին մասնակցելու որոշում։ Հաջորդիվ ևս, կարծում եմ, կմասնակցեն, որովհետև չի հայտարարվել առհասարակ բոյկոտի մասին»։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ստեղծվեց լարված իրավիճակ։ Նիստը վարող Հակոբ Արշակյանը նիստերի դահլիճից դուրս հրավիրեց ընդդիմադիր մի քանի պատգամավորի։ Իրավիճակը լարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցի ընթացքում։ Վերջինս վարչապետից հետաքրքրվեց՝ ինչ հետևանքներ են լինելու ՀՀ քաղաքացիների համար գազի թանկացումից հետո, ինչ հետևանքներ կլինեն ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցներից հետո։
«ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցներն օրեցօր խստացվում են։ Քանի որ Դուք Արցախի շուրջ 75 տոկոսը հանձնեցիք թշնամուն, թշնամու դաշտում թողեցիք հացահատիկի պաշարները, ինչ քայլեր եք ձեռնարկում»,- նշել էր պատգամավորը՝ դիմելով Փաշինյանին։ Մանրամասները՝ երեկվա տեսանյութում։