Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցությունների, բայց կշարունակի գործողությունը։ Այս մասին ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ պահպանել Ուկրաինայում ենթակառուցվածք, որը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Ռուսաստանը, նրա խոսքով, վճռական է քննարկել Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի անվտանգության երաշխիքները:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Փետրվարի 28-ին Գոմելում կայացել են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի համաձայն՝ բանակցությունների առանցքային հարցը հրադադարի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցություններից հետո ասել է, որ կողմերը «որոշ կետեր են գտել, որոնց վերաբերյալ կարող են ընդհանուր դիրքորոշումներ կանխատեսել»։
Այսօր՝ մարտի 3-ին, Բելառուսի Բրեստի մարզում պետք է կայանար Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների երկրորդ հանդիպումը։ Մինչդեռ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մարտի 1-ին հայտարարել էր, որ ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում, քանի դեռ չեն հասել իրենց առջև դրված նպատակներին։