Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վստահ եմ, որ ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և եվրասիական ինտեգրացիոն փոխշահավետ գործընթացների առաջխաղացմանը՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասված է ՌԴ նախագահի ուղերձում:
Հիշեցնենք, որ այսօր Վահագն Խաչատուրյանն ընտրվեց երկրորդ փուլով։ Նախագահի թեկնածու առաջադրել էր միայն իշխող ուժը․ թեկնածուն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Վահագն Խաչատուրյանն է։ Հավելենք նաև, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրել, նրանք չեն մասնակցել նաև նախագահի ընտրությանը։ Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել։
1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, 2021 թվականի օգոստոսին նշանակվել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար։