Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ռուսական կողմի հետ բանակցությունների վայր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»- ն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Բրեստի մարզի տարածքում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողություն սկսել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Գոմելում։ Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը, բանակցություններում իրենց համար առանցքային հարցը կրակի անհապաղ դադարեցումն ու Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումն է:
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցություններից հետո հայտնել է, որ կողմերը «գտել են որոշ կետեր, որոնց շուրջ կարելի է ընդհանուր դիրքորոշումներ նախանշել»:
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մարտի 1-ին հայտարարել է, որ ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ ընդհուպ մինչև սահմանված նպատակներին հասնելը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն մարտի 3-ին ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ, սակայն շարունակելու է գործողությունը: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ Ուկրաինայում այնպիսի ենթակառուցվածքների գոյությունը, որը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը»,- հայտարարել է Լավրովը: