«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը, որը մինչ այդ ղեկավարում էր Դավիթաշեն համայնքը: Կատվալյանը երեկ ներկայացել է թաղապետարան, հանդիպել աշխատակազմին: Նա Սուրեն Պապիկյանի եւ Տիգրան Ավինյանի մտերիմն է: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Կատվալյանին գործուղել են Մալաթիա, որպեսզի համայնքում «կարգուկանոն» հաստատի, ամրապնդի իշխանության դիրքերը եւ աշխատի 2023 թվականի Երեւանի ավագանու ընտրությունների համար: Թաղապետարանի աշխատակազմը եւս շունչը պահած սպասում է՝ նրանց տեղեկություն է հասել, որ թաղապետը կադրային ջարդ է իրականացնելու եւ յուրայիններին է նշանակելու պաշտոնների»:
«Իրավունք» թերթը գրում է. «Այս շաբաթվա կառավարության հետ հարցուպատասխանը տարօրինակ էր ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հերթական դյուրագրգիռ վարքագծով: «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խուսափեց պայուսակն իր հետ անցկացնել ԱԺ նիստերի դահլիճ` անցնելով հատուկ ստուգվող սարքի միջով: Նա ոչ ավել, ոչ պակաս անձնական պայուսակը թողեց միջանցքում եւ ներս մտավ նիստերի դահլիճ:Նույնիսկ զգուշացրեցինք, թե գուցե մոռացել է, բայց նա գտավ նպատակահարմար, որ այդտեղ մնա: Հատկանշական է այն, որ, փաստորեն, տիկին նախարարն անգամ չի վստահում իշխանական որեւէ պատգամավորի,
որոնցից որեւէ մեկի աշխատասենյակում կարող էր թողնել պայուսակը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վերջապես Սյունիքի մարզպետի փոփոխություն եղավ, որը ծրագրված էր դեռ շաբաթներ առաջ: Մելիքսեթ Պողոսյանն իր տեղը զիջեց Կալավանի նախկին գյուղապետ, 2018-ից հետո վարչապետի խորհրդական նշանակված Ռոբերտ Ղուկասյանին, որն արդեն մոտ երկու տարի է՝ Սյունիքում է ապրում։ Նա տեւական ժամանակ Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարն է՝ կառավարությունից Սյունիքին տրամադրվող գումարներով հասցրել է մարզում շահել հազարավոր սյունեցիների սիրտը, ուստի, ասում են, նրա նշանակումը մարզում դրական են ընդունել։ Մեղրիի համայնքապետն էլ նշանակման թանաքը դեռ չչորացած՝ շնորհավորել է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջով: Ասում են՝ Ղուկասյանը տրամադրված չէ կադրային ջարդ անելու, սակայն փոփոխություններ կլինեն»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատական համակարգում արշալույսները կրկին խաղաղ չեն: Դատավորների եւ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի միջեւ վեճերն ու հակասություններն այնքան են թեժացել, որ դատավորներն անգամ դիմում են դատարան: Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ դատի տալով ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Դատավորը պահանջում է, որ դատարանը ստիպի նախարարին 2021 թվականի դեկտեմբերի 23-ին կայացրած որոշումը չեղյալ համարել: Խոսքը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեռեւս հունվար ամսին` իր կուսակցության հավաքի ժամանակ, հայտարարել էր, որ հաջորդ ընտրություններում չի առաջադրվելու: Պարզվում է՝ այդ որոշումը վերջնական է. նա որոշել է այլեւս նախագահի պաշտոնի համար չառաջադրվել: Այժմ Արցախում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Իսկ Սահմանադրության մեջ ուզում են մեխանիզմներ դնել, որ նախագահի չլինելու պարագայում երկիրն անգլուխ չմնա՝ մտավախություններ ունեն, որ մի օր կարող են պետության ղեկավարի «գլուխն ուտել» եւ պետության «գլուխն» էլ ուտել: Պետության ղեկի փոխանցման մեխանիզմներ են ուզում ներդնել Արցախի Սահմանադրության մեջ»։