Ադրբեջանը միտումնավոր լարում է Արցախում իրավիճակը՝ փորձելով հայաթափել գյուղերը։ Armenia Today-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում, որոնք բխում են իրենց ազգային շահերից։
«Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում, Նորշենում ադրբեջանցիներն սպառնում են գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող քաղաքացիներին լքել տարածքը։ Խրամորթում անգամ ուժի են դիմում՝ թույլ չտալով, որպեսզի գյուղացիներն այգիներ հասնեն և աշխատանքներ կատարեն։ Մի քանի օր է՝ ադրբեջանցիները պայթեցրել են գազատարը։ Եթե իրենք պայթեցրած չլինեին, ապա թույլ կտային, որ վերանորոգման աշխատանքներ կատարվեն և վերականգնվի գազամատակարարումը։ Բացի այս, Արցախում էներգամատակարարման խափանման խնդիրները պարբերական բնույթ են կրում։ Ադրբեջանցիները հնարավոր ամեն ինչ անում են, որ հայերի համար անհարմար իրավիճակ ստեղծվի և նրանք դուրս գանք իրենց բնօրրանից»,- նկատեց պատգամավորը։
Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ Արցախի անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, ինչը խրախուսում է հակառակորդ պետությանը, որ վերջինս շարունակի իր հայատյաց գործելաոճը։ Նա հայտնեց, որ դեռ անցյալ շաբաթ «Հայաստան» խմբակցությունը դիմել է Հայաստան-Արցախ բարեկամական հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ առաջարկելով մարտին համատեղ նիստ գումարել, բայց ընդդիմության առաջարկը դեռ որևէ արձագանք չի ստացել։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից։
«Մենք Ֆիջիի՞, թե՞ Յակուտիայի մասին ենք խոսում, մենք խոսում ենք հայերի մասին, ովքեր ապրում են Արցախում։ Հայաստանը պարտավոր է ապահովել այդ մարդկանց ապրելու իրավունքը։ Գիտեք չէ՞ ով էր բարձրաձայն աղաղակում, որ Արցախը Հայաստան է, դե թող գնա և իր պարտավորություններն իրականացնի։ Եթե չի կարողանում, թող ասի, որ ի վիճակի չէ, կգան իշխանության նրանք, ովքեր կկարողանան Արցախի անվտագությունն ապահովել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ընդդիմադիր պատգամավորը համոզված է՝ Ադրբեջանն, օգտվելով մեր երկրի պարտությունից և Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքից, իր օրակարգն է առաջ մղում, վստահաբար ինչ- որ զիջումներ է պահանջելու։
«Հիմա, երբ Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին, ադրբեջանցիները հաստատ ինչ-որ պահանջ են ներկայացնելու։ Եթե դու անընդհատ հետ ես գնում, միշտ էլ դիմացինդ օգտվում է այդ իրավիճակից, ինչքան գլուխդ կռացնես, այդքան կբանփեն գլխիդ»,- եզրափակեց նա։