Armenia Today-ը ներկայացնում է օրվա մամուլի ուշագրավ հրապարակումները.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովում ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը չի կարողանում իր աշխատանքներն իրականացնել։ Բանն այն է, որ յուրաքանչյուր նիստին պետք է հրավիրվի որեւէ անձ ՊՆ-ից կամ այլ կառույցից եւ պատասխանի հարցերին։ Մինչև այժմ միայն Արցախի ՊԲ հիմնադիր Սամվել Բաբայանն է եկել հանձնաժողով։ Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչ հանձնաժողովում դեռ չգիտեն՝ որտեղից սկսեն ու ում հրավիրեն, ավելին՝ որոշել են գաղտնի նիստ անել՝ հասկանալու՝ որտեղից պետք է սկսեն»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Քովիդով եւ պատերազմով պայմանավորված՝ տեւական ժամանակ հայրենի օրենսդիրները զրկված էին գործուղումների մեկնելուց, հեռավար էին մասնակցում միջազգային միջոցառումներին։ Վերջին ամիսներին կրկին գործուղումների շքերթ է՝ նախկին «պարապուրդի» տեղն են լրացնում։ Մարտի 10-12-ը ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը գործուղվել է Վիեննա՝ «ԵԱՀԿ Երիտասարդության եւ անվտանգության հարցերի խմբի» շրջանակում ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների ոչ ֆորմալ հանդիպմանը մասնակցելու։ Մարտի 20-22-ն էլ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Փարիզ՝ ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու։ Մեկ ամիս առաջ էլ նույն Ջուլհակյանը՝ Ծովինար Վարդանյանի, Արման Եղոյանի եւ Սոնա Ղազարյանի հետ Լյուքսեմբուրգում էր։ Ընդհանուր արտաքին եւ անվտանգային քաղաքականության եւ պաշտպանության միջխորհրդարանական կոնֆերանսին մասնակցելու համար փետրվարի 23-26-ը Փարիզ էր գործուղվել Վլադիմիր Վարդանյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ մեկնելու է Ինդոնեզիա՝ խորհրդարանների նախագահների հերթական հավաքին։ Եվ այսպես՝ գրեթե ամեն շաբաթ պատգամավորները բյուջեի հաշվին գործուղվում են որեւէ երկիր, չնայած պարզ չէ, թե դա երկրին ինչ է տալիս։ Մեկ շաբաթից ավելի է՝ Արցախում լարված վիճակ է․ ոչ մի պատգամավոր չի մեկնել Արցախ, որ գոնե գործուղման մեկնելիս կարողանա լիարժեք ներկայացնել իրավիճակը։ Իսկ ընդդիմադիրների՝ երկրից դուրս գալու սահմանափակումները դեռ չեն հանվել․ ԱԺ-ն մարտի 16-18-ը Արմեն Գեւորգյանին գործուղել էր Ստրասբուրգ, սակայն դատարանն օրերս կրկին արգելեց դուրս գալը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը 3 ամիսը մեկ կառավարությունից դոտացիա է ստանում՝ իրականացրած պետպատվերի, ընթացիկ ծախսերի համար: Նախարարությունը հաշվետվությամբ հիմնավորում է հավելյալ ծախսերը եւ ստանում գումարը: Օրերս նախարարությունը դիմել է հերթական գումարը ստանալու համար, սակայն չի կարողացել պատշաճ հիմնավորել հայտը, եւ ֆիննախը մերժել է: Խոսքը 4.5 միլիարդ դրամի մասին է: Կառավարությունում քննարկմանը առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն է հարցը ներկայացրել ու մերժվել, ինչը նշանակում է, որ բուժհիմնարկները կանգնելու են ֆինանսական խնդիրների առջեւ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզի բնակիչները կանգնել են գյուղմթերքի իրացման լուրջ խնդրի առաջ: Մարզի գյուղերի մեծ մասում բնակիչներն այս ժամանակահատվածում հիմնականում զբաղվում են կանաչեղենի մշակությամբ, սակայն այն չկարողանալով վաճառել՝ քաղում թափում են: Տեղեկացնենք, որ գյուղացիները մինչ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարողանում էին միջնորդ կազմակերպությունների կամ անհատների միջոցով կանաչեղենն արտահանել Ռուսաստան, եւ այդ պատճառով շուկայում այն քչացել էր։ Վերջին օրերին կանաչեղենի արտահանման ծավալները բավականին նվազել են, շուկայում վաճառքի կանաչին շատացել է, այդ պատճառով գյուղացիների մեծ մասը մեկ կապ hամեմը կամ մաղադանոսը վաճառում է 20-40 դրամով: Այն բնակիչները, որոնք չեն ցանկանում իրացնել այդ գնով, հիասթափված քաղում եւ թափում են այն աղբանոցը: Բայց, մյուս կողմից, կանաչին 20–40 դրամով գյուղացին է իրացնում, իսկ վերավաճառողները գալիս են գնում եւ 150-200 դրամով են վաճառում: Դե արի ու 20-40 դրամանոց կանաչեղենի վաճառքից գոյացած գումարով տուն պահիր: