Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հանդես է եկել ելույթով:
«Ցանկացած հասարակությունում, իսկ անցումային փուլում գտնվողների համար ավելի քան առանձնահատուկ կարևորություն են ստանում պետական ինստիտուտները: Հանրային կառավարման արդյունավետությունը, իշխանության տարբեր թևերի համագործակցությունը, ինչու չէ նաև պետության հարատևությունը պայմանավորված են ինստիտուտների կայացվածությամբ: Չկայացած կամ թերի գործող պետական ինստիտուտները կործանարար ազդեցություն են ունենում պետությունների ճակատագրերի վրա: Առավել վտանգավոր է, երբ դրանք գործում են Սահմանադրությունից և օրենքներից դուրս՝ արժեզրկելով, բարոյազրկելով արժեքային այն ամբողջ համակարգը, որը կանխորոշվում է Սահմանադրությամբ կամ այլ իրավական ակտերով: Արդյունքում պետությունը վերածվում է մի խումբ մարդկանց շահերը սպասարկող մեծ պատժիչ մեքենայի, որն էլ ի վերջո խոչընդոտում է զարգացմանը, ցանկացած նոր մտահղացումներին, առաջընթացին: Ցավոք սրտի, այս ամենի ականատես կամ մասնակիցը ոչ վաղ անցյալում եղել ենք նաև մենք»,-ընդգծել է Խաչատուրյանը:
Նա շեշտել է, որ մի երկրի ժողովրդավարությունը կարող է տարբեր լինել մյուս երկրի ժողովրդավարությունից, սակայն այս կամ այն երկրի ժողովրդավար քաղաքական համակարգին պետք է բնորոշ լինի.
· իշխանության տարանջատումը,
· օրենքի գերակայությունը,
· զանգվածային լրատվության միջոցների ազատությունը,
· քաղաքական մրցակցությունը,
· իշխանափոխության հնարավորությունը,
· ազատ ընտրությունները:
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում: