Ադրբեջանական կողմն արդեն շուրջ մեկ շաբաթ է` թույլ չի տալիս Արցախի ներկայացուցիչներին վերականգնել գազատարի ենթադրյալ «խափանումը»։ Այդպիսով ավելի քան 100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկված է ջեռուցման հնարավորությունից։ Զուգահեռաբար, պարբերաբար անջատվում է էլեկտրականությունը։ Սա է’լ ավելի է խորացնում հումանիտար այն ծանր իրավիճակը, որը ստեղծվել է պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ ՄԻՊ-ը։
«Արդյունքում հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տեղահանվածների ժամանակավոր կացարաններ զրկված են ապրելու տարրական պայմաններից, հնարավոր չէ իրացնել անձանց առողջապահական, երեխաների կրթության իրավունքը։
Բացի այս, ադրբեջանական զինված ուժերն արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակում են ինտենսիվորեն կրակել Արցախի գյուղերի խաղաղ բնակչության ուղղությամբ. Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, Ասկերան քաղաք, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Խնուշինակ գյուղեր։ Խրամորթում քաղաքացիական մեկ անձ վիրավորում է ստացել։
Այս ամենը միտված է Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի, ահաբեկման մթնոլորտը պահպանելուն՝ նպատակ ունենալով հայաթափել ու էթնիկ զտման ենթարկել Արցախը իր բնիկ հայերից։
Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական պետության շարունակվող հանցավոր քաղաքականությունը։ Կոչ եմ անում միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել իրավիճակին ու ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ այս հանցավոր վարքագիծը դադարեցնելու համար։
Մարդու իրավունքները համընդանուր են, դրանք պետք է դուրս դիտվեն աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից։
Այս հաղորդագրությունն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին ու դիվանագիտական առաքելություններին»,- նշել է ՀՀ ՄԻՊ-ը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանը սադրիչ գործողություններ է դիմում Արցախում։ Ականանետեր էր արձակվել Խնապատ, Խրամորթ գյուղերի ուղղությամբ։ Խրամորթ համայնքում ադրբեջանական կողմի սադրանքներից խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Մի քանի օր է՝ Արցախը զրկված է գազից, հակառակորդի վերահսկողության տակ գտնվող գազատարի հատվածը պայթեցվել է։