Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի բացառում Ուկրաինայի խոշոր բնակավայրերի լիակատար վերահսկողության տակ վերցնելը։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պաշտպանության նախարարությունը խաղաղ բնակչության առավելագույն անվտանգության ապահովման դեպքում չի բացառում խոշոր բնակավայրերի լիակատար վերահսկողության տակ դնելու հնարավորությունը, որոնք այսօր գործնականում շրջապատված են, բացառությամբ այն գոտիների, որոնք օգտագործվում են հումանիտար տարհանման համար», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը հավելել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման ռուսական ղեկավարության բոլոր պլանները «կիրականացվեն նախապես հաստատված ժամկետներում՝ ամբողջ ծավալով»:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի «ապառազմականացման և ապաշրջափակման» հատուկ գործողությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով»: Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակման մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: