«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աննախադեպ իրավիճակ է ԲԴԽ-ում։ ԱԺ ուղարկված Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության ցուցակը հետ է կանչվել, եւ որոշումը՝ ոչնչացվել:
Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը, անտեղյակ լինելով օրենսդրական վերջին փոփոխությունից, Ազգային ժողով է ուղարկել քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների ցուցակ՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում պաշտոնավարելու համար եւս երկու դատավոր ընտրելու համար, այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի քրեական պալատում պաշտոնավարելու համար պետք է ընտրի երկու դատավորի այն դեպքում, երբ նշված պալատում ազատ հաստիքներ չկան, արդյունքում պալատի դատավորների թիվը կկազմի 8՝ օրենքով սահմանված 6-ի փոխարեն:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ն ԱԺ-ից հետ է կանչել Վճռաբեկի դատավորների թեկնածուների ցուցակը, եւ դեռ ավելին՝ աննախադեպ քայլի են գնացել՝ ոչնչացնելով որոշումը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 24-ին Զինված ուժերի ԳՇ պետի պաշտոնից Արտակ Դավթյանի անակնկալ ազատման պատճառների մասին այդպես էլ պաշտոնապես չհաղորդվեց։ Դավթյանի մտերիմներից մեկը մեզ պատմեց, որ Դավթյանն ավելի վաղ անձամբ է ցանկացել հրաժարվել պաշտոնից, նա իր մերձավոր շրջապատում բողոքել է, թե բանակը քանդում են, սակայն նրան, կարելի է ասել, պատանդի կարգավիճակում են պահել՝ սպառնալով, թե հակառակվելու դեպքում իրեն քրեական պատիժ է սպասվում։ Դավթյանը մտերիմներին ասել է, թե իրեն «պադստավկա» են արել: Իսկ թե ինչ հարցում, մեր զրուցակիցը չմանրամասնեց՝ ակնարկելով, որ Դավթյանի վերաբերյալ քրեական գործ է պատրաստվում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թալին խոշորացված համայնքում նույնպես նոր ընտրություններ կնշանակվեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունները հաստատեցին ավագանու թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական խմբակցությանը մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրները։ Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից հետո ավագանին թեեւ համայնքապետ ընտրել է՝ ՔՊ-ական Տավրոս Սափեյանին, բայց ավագանու որեւէ նիստ մինչ օրս տեղի չի ունեցել։
«Ավագանին որեւէ նիստ չի անցկացրել, ու եթե այսպես շարունակվի, ապա, ըստ օրենքի, նոր ընտրություններ կնշանակվեն հունիսի սկզբին, որովհետեւ ընտրություններից հետո վեցամսյա ժամկետը հունիսին է լրանում,- ասաց մեր զրուցակիցը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների նախագիծ է մշակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն դրվել է հանրային քննարկման: Մեզ հայտնի դարձավ, որ հանրային ծառայողների վարքագծի պարտադիր կանոնները ձեւավորվում են հետեւյալ բաղադիրչներից՝ հարգալիրություն եւ գնահատանք, օրինականություն, բարեխղճություն եւ հավատարմություն հանրային շահին, թափանցիկություն եւ հաշվետվողականություն, բարեկրթություն, անաչառություն, օբյեկտիվություն եւ խտրականության բացառում, շահերի կառավարում, նվերների ընդունման արգելք, քաղաքական չեզոքություն եւ քաղաքական զսպվածություն եւ այլն»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր երախտագիտությունը «կլասիկ ընդդիմադիր գործիչ», ավելի շուտ՝ իշխանությունների աջակից, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին հայտնեց նրան վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելով։
Ի՞նչ առաքելություն ունի հատուկ հանձնարարություններով դեսպանը, ինչո՞վ է տարբերվում նրա գործունեությունը մյուս դեսպանների գործունեությունից։ Հատուկ հանձնարարություններով դեսպանը կատարում է երկրի վարչապետի (նախագահի, ԱԳ նախարարի) տարբեր էպիզոդիկ հանձնարարություններ։ Սա ավելի շատ ներկայացուցչական պաշտոն է, ստատուս է հաղորդում այն զբաղեցնողին` երկրից դուրս այցելությունների ժամանակ։ Հատուկ հանձնարարություններով դեսպանները սովորաբար չեն նստում որեւէ երկրում, չեն ունենում նստավայր, նստում են ԱԳՆ-ում եւ կատարում են պետության ղեկավարության կոնկրետ հանձնարարությունները»։