ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Facebook-ի էջում գրել է ․ «Արդեն մի քանի օր է, որ մեր մի քանի գործընկերներ՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, քաղաքագետներ Էդգար Էլբակյանն ու Ալվինա Աղաբաբյանն ահազանգում են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման մասին։
Խոսք է գնում մոտ 1 կմ հատվածի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու մասին։ Ի դեպ, այս մասին մամուլի միջոցով բարձրաձայնել են նաև տեղի բնակիչները։
Պաշտպանության նախարարությունն այս մասով հանդես է եկել «պարզաբանմամբ», սակայն փաստական առումով լուրջ հիմնավորումներ չի բերել։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ իշխանությունը տարբեր առիթներով սուտ, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ «պարզաբանումներ» է տվել, ինչը նրա խոսքի և հայտարարության նկատմամբ հանրային վստահությունը 0-ի է հասցրել։
Պետք է արձանագրել, որ երկրի անվտանգության համակարգում պատշաճ միջոցառումների իրականացման բացակայությունը բերել է նրան, որ Ադրբեջանը շարունակելով իր ագրեսիվ քաղաքականությունը նոր դիրքային բարելավումներ է անում՝ 2021-ի մայիսի և նոյեմբերի ներխուժումն ու նկարագրված ներխուժումները, ցավոք, ընդգծված օրինակներ են։
Այս իշխանությունը մեր քաղաքացիների անվտանգության ապահովման հարցը թողել է բախտի քմահաճույքին և հետևանքն էլ շարունակական կորուստներն են լինելու»,- նման տեսակետ է ներկայացրել պատգամավորը։
Հիշեցնենք, որ Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավարը հայտարարել է, թե ադրբեջանցի զինվորականները շուրջ 10 օր առաջ հինգ նոր վրաններ են խփել ու ամրացել Ներքին Հանդի վարչական տարածքում։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանցիները չեն մտել. «Այս պահին իրավիճակը կայուն է, սակայն չի կարելի բնորոշել, որ խնդիր չկա: Ոչ, Հայաստանի սուվերեն տարածք չեն մտել»:
Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից նույնպես կտրականապես հերքում են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը՝ պարզաբանելով, որ այդ հատվածը գտնվում է Ադրբեջանի վերահսկղության տակ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր: