Ռուսաստանը երախտապարտ է Թուրքիային ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանն աջակցելու պատրաստակամության համար և գնահատում է Անկարայի հավասարակշռված դիրքորոշումը: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական 4-րդ դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը:
«Ինչպես հայտնի է, մարտի 10-ին թուրքական Անթալիայում կայացել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի բանակցությունները՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ և աջակցությամբ: Այդ հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև։
Մենք երախտապարտ ենք Անկարայի մեր գործընկերներին միջոցառման կազմակերպման, ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման որոնմանն օգնելու նրանց պատրաստակամության համար»,- ասել է Պիլիպսոնը՝ հավելելով, որ Մոսկվան գնահատում է թուրք գործընկերների հավասարակշռված գիծը: