Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ կապերի կարգավորման կուրսը։ Այս մասին ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլյութ Չավուշօղլուի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը։
Ռուսաստանի և Թուրքիայի դիվանագետների և զինվորականների ջանքերի համադրումն իրապես նպաստում է հրադադարի կայուն ռեժիմի պահպանմանը այնպիսի «թեժ» կետերում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ անցյալ տարեվերջին-այս տարվա սկզբին հիմքեր դրվեցին Հարավկովկասյան տարածաշրջանում կողմերի հետկոնֆլիկտային փոխգործակցության համար։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նոր մեխանիզմի գործարկմանը։