ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և պատմել նրան, թե ինչ է ռուսական կողմը պահանջում Ուկրաինայից բանակցություններում:
Այս մասին հաղորդում Է BBC-ն՝ մեջբերելով Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական և ներկայացուցիչ Իբրահիմ Քալընին, որը ներկա է եղել խոսակցության ժամանակ: Նրա խոսքով՝ Կրեմլի գլխավոր պահանջը Ուկրաինայի չեզոքությունն է և եվրատլանտյան ուղեգծից հրաժարվելը: Այնուհետեւ Կրեմլը պահանջում է Ուկրաինայի զինաթափում, որպեսզի չկարողանա սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի համար:
Բացի այդ, Ռուսաստանն ունի իր պահանջները Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջանների կարգավիճակի վերաբերյալ, բայց Կրեմլն այդ առումով կոնկրետ մանրամասներ չի հնչեցրել: Պուտինը, Իբրահիմ Կալինի խոսքով, նաև Էրդողանին ասել է, որ վերջնական պայմանավորվածությունից առաջ անհրաժեշտ կլինի անձնական հանդիպում անցկացնել Զելենսկու հետ: Financial Times-ը, իր հերթին, հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել Է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման մասին պայմանավորվածության նախագիծը:
Հրատարակության տվյալներով՝ համաձայնագիրը ներառում է Կիևի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հայտարարությունը՝ դաշնակիցներից անվտանգության երաշխիքների և փետրվարի 24-ից հետո Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման դիմաց:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։