ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջեյք Սալիվանին դեմարշ է արվել և բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի՝ Ռուսաստանի նախագահին ուղղված անընդունելի հայտարարությունների հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները, որոնք հարիր չեն նման բարձր աստիճանի պետական գործչին, ռուս-ամերիկյան հարաբերությունները հասցնում են խզման եզրին: Նաև նախազգուշացվում է, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկվող թշնամական գործողությունները վճռական և ամուր հակահարված կստանան:
«Երկկողմ խնդիրների հրատապ քննարկման ժամանակ դեսպանի առջև դրվել է ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի նորմալ պայմանների ապահովման հարցը, ներառյալ դրանց անխափան գործունեության երաշխիքները»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ջո Բայդենը մարտի 16-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է «ռազմական հանցագործ»։ Հաջորդ օրը՝ մարտի 17-ին, ելույթ ունենալով Վաշինգտոնում Սուրբ Պատրիկի օրվան նվիրված ամենամյա միջոցառման ժամանակ՝ ԱՄՆ-ի նախագահը Պուտինին անվանել է «արյունալի բռնապետ» և «ավազակ, որն անբարոյական պատերազմ է մղում Ուկրաինայի ժողովրդի դեմ»: