«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ավարտել է հայեցակարգային հանձնաժողովի ներկայացրած առաջարկների քննարկումը եւ եկել ընդհանուր հայտարարի, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում պատրաստ կլինի Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգը: Որից հետո կքննարկեն գլուխ առ գլուխ, 1-2 ամիս հետո էլ հայեցակարգը կներկայացվի հանրային քննարկման: Հանձնաժողովի մեր աղբյուրն ասաց, որ առանցքային փոփոխությունները պետության կառավարման ձեւին են առնչվում՝ ներկայիս սուպերնախագահական համակարգից անցում է կատարվելու նախկին՝ կիսանախագահական համակարգին՝ դրանից բխող փոփոխություններով»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզում շահագործվող «Թեղուտ» հանքավայրը դադարեցրել է իր գործունեությունը: Սկզբնական շրջանում, ըստ պաշտոնական մեկնաբանությունների, նախատեսվում էր աշխատանքները դադարեցնել միայն երկու շաբաթով։ Նշվում էին նաև տարբեր պատճառներ: Ըստ ԶԼՄ-ներին տված պաշտոնական պատասխանի, «Թեղուտի» աշխատանքները դադարեցվում էին ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, սակայն շրջանառվում էր նաև ՌԴ-ի և ռուսաստանյան կազմակերպությունների նկատմամբ իրականացվող պատժամիջոցների հանգամանքը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Թեղուտի» աշխատանքների դադարեցումը չի սահմանափակվի նշյալ կարճ ժամկետով»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 21 հարց, սակայն կան հարցեր, որոնք պատգամավորները կքննարկեն երկրորդ ընթերցմամբ: Այսօր նիստի երկրորդ մասում կքննարկվի «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս նախագիծը հեղինակել են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզանում անգամ կորոնավիրուսի համաճարակի թեժ շրջանում մարդիկ ակտիվորեն չէին պատվաստվում, հիմա, երբ աշխարհը կամաց հրաժարվում է սահմանափակումներից՝ վերացվում են դիմակները, QR կոդերը, առավել եւս: Բայց վերջին շրջանում տարբեր երկրներից մեզ պատվաստանյութ են նվիրում: ԱՄՆ իշխանությունը 300-ից ավելի դեղաչափ նվիրեց, երեկ էլ Պորտուգալիայի կառավարությունն է 400 հազար դեղաչափ «Պֆայզեր» նվիրել, իսկ Հայաստանում այլեւս այդքան պատվաստվելու ենթակա մարդ չկա: Իսկ գուցե դրսում պատվաստանյութի մեծ քանա՞կ է կուտակվել, եւ դա պետք է իրացնել, որ ժամկետը չանցնի: Եթե այդքան շռայլ են, թող բժշկական ժամանակակից սարքավորումներ եւ դեղորայք նվիրեն»: