Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, կապված է մեր միամտության հետ, թե հակառակորդ պետության ծրագրերը փոխվել են, Ադրբեջանը երկար ժամանակ մտածել և ծրագրել է հայ ժողովրդի ոչնչաչումը, հիմա շարժվում է այդ ուղղությամբ։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Քրիստինե Վարդանյանը։
Նրա կարծիքով՝ միամիտներ և պատեհապաշտներ են բոլոր նրանք, ովքեր կարծում են՝ Ադրբեջանը սահմանափակվելու է միայն Արցախով։
«Այստեղ միայն Արցախի գազի խնդիրը չէ, այլ լուծվում է հայերի ոչնչացման հարցը։ Ադրբեջանն ահաբեկչություն է կատարում Արցախի ժողովրդի նկատմամբ։ Այս ամենի նպատակը մեկն է, որ այնտեղ հայեր չապրեն, որ այդ տարածքները հնարավորինս շուտ դառնան թուրքական և ադրբեջանական։ Արցախից հետո անցնելու են Հայաստանին, որովհետև չեն սահմանափակվել, չէ՞, Նախիջևանով, Կարսով, Արդահանով։ Ծրագիրը շարունակվելու է մինչև մեր վերջը»,- նկատեց ընդդիմադիր պատգաավորը։
Քրիստինե Վարդանյանը «Հայաստան» խմբակցության մյուս գործընկերներ պատգամավորների հետ օրերս է վերադարձել Արցախից։ Նրա ներկայացմամբ՝ արցախցին ամուր կանգնած է իր հողին և չի պատրաստվում լքել իր տունը։
«Արցախցիները մեկ հարց ունեն՝ արդյո՞ք մենք հասկանում ենք, որ սա միայն իրենց հարցը չէ։ Մենք հասկանո՞ւմ ենք, որ այս աղետը բոլորիս տան դռներն է թակելու։ Նրանց անհանգստացնում է, թե Հայաստանն իրենց ձեռքը մեկնելո՞ւ է, թե՞ թողել են բախտի քմահաճույքին»,- արցախցիների բարձրացրած հարցերը փոխանցեց պատգամավորը։
Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝ եթե իշխանությունները շարունակեն պաշտոնավարել և բանակցություններ վարել, Արցախի հարցում ունենալու ենք այնպիսի լուծում, ինչպիսին ուզում են Թուրքիան և Ադրբեջանը։
«Իշխանությունները կարող են հանգեցնել նոր կապիտուլյացիայի, որը կամրագրի Արցախն Ադրբեջանի կազմում և կփակի արդար պայքարի համար հետագա դռները»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Արցախում դարձյալ դադարեցվել է գազամատակարարումը։ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Հաղորդագրության մեջ նաև նշվել է, որ բավարար հիմքեր կան պնդելու առ այն, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։
Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական կողմը պայթեցրել էր գազատարը՝ Արցախին տասն օրից ավելի զրկելով կապույտ վառելիքից։ Ադրբեջանական և ռուսական կողմի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում գազատամատակարարումը վերականգնվել է, սակայն, կարճ ժամանակ անց կրկին Արցախը զրկվել է գազից։