«Հայաստան» դաշինքն իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Ստեղծված իրավիճակը անվտանգության անբաժանելիության անկյունաքարային սկզբունքի անտեսման, միաժամանակ՝ միջազգային իրավունքի տիրույթում ակնհայտ երկակի ստանդարտների բազմակի կիրառման արդյունք է: Այս մասին ասված է խմբակցության տարածած հայտարարության մեջ։
Դաշինքը կարևորում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ցանկացած ակտ։ Ինքնորոշման իրավունքի իրացումը բռնաճնշումներով խափանելու փորձերը, որպես կանոն, հանգեցնում են զինված հակամարտության և պատերազմի: Նաև այդ տեսանկյունից է, որ անբեկանելի և անքննելի է համարվում ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու, պատմական հայրենիքի մաս կազմող պետության հետ վերամիավորվելու իրավունքը և կարևորվում է «ճանաչում հանուն փրկության» երաշխիքի կիրառումը բոլոր նմանատիպ իրավիճակներում:
Նշվում է նաև, որ անընդունելի և խիստ դատապարտելի են համարում որոշ պետություններում սկիզբ առած ռուսատյացության աղաղակող երևույթները և ազգային ու ռասսայական պատկանելության հիմքով խտրականության ցանկացած դրսևւորում։ Նման քաղաքականությունն ամբողջությամբ շեղվում ու հակասում է 20-րդ դարի կեսից ընդունված ու համընդհանուր հռչակված արժեքներին:
«Հայաստան» դաշինքը քաղաքական և հատկապես տնտեսական պատժամիջոցների աննախադեպ ձևերի և ծավալի կիրառումը չի նպաստելու ճգնաժամի հանգուցալուծմանը, սակայն հանգեցնելու է համաշխարհային նոր տնտեսական ճգնաժամի, նոր «երկաթե վարագույրի», որի հետևանքները կարող են կործանարար դառնալ բազմաթիվ պետությունների համար ու բերել աղքատացման մակարդակի շեշտակի աճի։
Ըստ այդմ՝ պահանջում է, որ Հայաստանի իշխանությունները անեն ամեն հնարավորը Ուկրաինայում ապրող հայերին, հատկապես՝ տարեցներին, կանանց և երեխաներին ըստ պահանջի հնարավոր աջակցություն ցուցաբերելու, այդ թվում՝ Հայաստան տարհանելու և կենսաապահովման հարցերը լուծելու ուղղությամբ։