Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը: Այս մասին TACC-ին տված հարցազրույցում հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հարցին, ապա ՇՀԿ անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են այդ հարցը»,- ասել է նա:
«Այդ առումով ես անձամբ լավատեսորեն եմ տրամադրված, թեև այս պահին չեմ կարող հստակ ամսաթիվ նշել»,- հավելել է գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները, իհարկե, կարևոր գործոն են, որը պետք է հաշվի առնել։
«Միևնույն ժամանակ ՇՀԿ-ի անդամ պետությունները միակարծիք են կազմակերպությունում երկկողմ հակասություններ չառաջացնելու հարցում։ Սա նաև պարտավորություն է, որը պետք է կատարի ցանկացած երկիր, որը հավակնում է անդամակցել ՇՀԿ-ին»,- շարունակել է Չժան Մինը:
Շանհայի համագործակցության կազմակերպության ստեղծման մասին հռչակագիրը ստորագրվել է 2001 թվականի հունիսին Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից։ 2017 թվականին ՇՀԿ-ի լիիրավ անդամներ են դարձել Հնդկաստանը և Պակիստանը: Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության գործընկերների կարգավիճակ ունեն։